Բաքուն ակտիվացրել է եվրոպական դիվանագիտութունը: ԵՄ անդամների և «Արևելյան գործընկերության» ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ «ԵՄ անդամ երկրների հետ երկարաժամկետ հարաբերությունների զարգացումը իրավահավասարության և փոխշահավետության հիմքով Ադրբեջանի արտաքին քաղաքականության ուղղություններից է», իսկ «ռազմավարական համագործակցության համաձայնագիրը Ադրբեջանի և ԵՄ-ի միջև կստեղծի իրավական ամուր բազա հարաբերությունների համակողմանի զարգացման համար»: Մամեդյարովն ընդգծեց, որ «երկարատև կոնֆլիկտները տարածաշրջանում խոչընդոտում են համագործակցությանը» և «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը ոչ նվազ կարևորություն ունեն, քան Արևելյան գործընկերության մյուս անդամների տարածքային ամբողջականությունը», նաև՝ «Հայաստանի զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի օկուպացված տարածքներից կծառայի ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը Հարավային Կովկասում և տարածաշրջանի սահմաններից դուրս»: Այսինքն՝ Բաքուն Եվրոպային, ինչպես վարյագների, հրավիրում է Կովկաս՝ տարածաշրջանում «կարգուկանոն» հաստատելու: Դա համարյա սենսացիա է:
Ասոցացման համաձայնագրի շուրջ Ադրբեջանի ու ԵՄ բանակցությունները մի քանի տարի են վարվում: Առևտրատնտեսական ու այլ ոլորտներում համագործակցության պայմանավորվածությունները սկզբունքորեն խնդիր չեն: Վերջնական համաձայնագիրը չի ստորագրվում գլխավորապես քաղաքական խնդիրների պատճառով: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը իրավիճակը այսպես է բացատրում. «Արևմուտքն ուզում է, որ մենք գնանք ԵՄ-ի հետ ասոցիատիվ համաձայնագրի, որտեղից հանված է մեր տարածքային ամբողջականության հարցը: 15 տարուց ավելի ԵՄ-ն ընդունում էր մեր տարածքային ամբողջականությունը, բայց վերջին ժամանակներս չի ցանկանում: Ինչպե՞ս հասկանալ: Ինչպե՞ս է ստացվել, որ մեծ պետությունների ղեկավարները, նրանց թվում` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ժամը մեկ ելույթ էին ունենում ուկրաինական ճգնաժամի առնչությամբ, պահանջում էին միջազգային նորմերը պահպանել, կոնկրետ միջոցներ ձեռնարկեցին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորմանը, նրանցից որևէ մեկը գոնե մեկ անգամ չասաց. «Այդ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում»:
Ինչո՞ւ: Ինչո՞ւ են այդ հարցին երկակի վերաբերվում: Մենք արդեն մտածում ենք՝ ճի՞շտ ճանապարհ ենք ընտրել, որ երկակի վերաբերմունքի ենք բախվում»: Եվ ի՞նչ «ճանապարհ» է Ադրբեջանն ընտրել: Ադրբեջանի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման դեպքում Լեռնային Ղարաբաղը փաստացի դուրս է բերվում Հայաստանի վերահսկողությունից, բայց և չի անցնում Ադրբեջանի իրավասության գոտի: Պատահական չէ, որ այն ժամանակ ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքն առաջարկեց, որ «Ղարաբաղը, Հայաստանի ու Ադրբեջանի հետ դառնա կոնֆլիկտի կարգավորման կողմ»: Բաքվին դա ձեռնտու չէր: Իսկ ձեռնտո՞ւ էր Հայաստանին, որ նույնպես պատրաստվում էր ասոցացման համաձայնագրի կնքման: Տպավորություն կար, որ Արևելյան գործընկերության հետ բազմաքայլ պարտիայում Ադրբեջանին հաջողվում է «խաղից» դուրս բերել Հայաստանը՝ կորցնելով Լեռնային Ղարաբաղը: Այն ժամանակ էլ Նովրուզ Մամեդովը հարցեր էր տալիս: Առաջինը՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման մեջ Արևմուտքը գոնե չի օգտագործում «Այդ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի շրջանակներում» արտահայտությունը»: Երկրորդ՝ «Ինչո՞ւ նման երկակի վերաբերմունք կա այս հարցին»: 2010-ի հուլիսի 22-ին Հաագայի Միջազգային դատարանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարցումով արդեն պատասխանել էր հարցին՝ «Համապատասխանո՞ւմ է միջազգային իրավունքի նորմերին Կոսովոյի ինքնավարության ժամանակավոր կառույցների անկախության միակողմանի հռչակագիրը»: Դատարանը հայտարարեց. «Անկախության հռչակագիրը չի խախտում միջազգային իրավունքի որևէ նորմ»:
Այդպիսով՝ միջազգային արդարադատության օրգանը ոչ միայն փորձեց կանխորոշել Անվտանգության խորհրդի դիրքորոշումը Կոսովոյի ինքնահռչակման քաղաքական հարցում, այլև փաստացի ամրապնդեց այդ դիրքորոշումը եվրոպական իրավունքի համակարգում: Միաժամանակ Հաագայի դատարանը վերանայեց ՄԱԿ-ի կանոնադրության աներկբա գերակայության սկզբունքը ՄԱԿ-ի անդամ երկրների տարածքային ամբողջականության երաշխիքների տեսակետից: Պատահական չէ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման մասին, հղում արեց Արևմուտքի աջակցությունը ստացած իրավական այդ նախադեպին, իսկ վերջերս Բաքվին ու Երևանին կոչ արեց որոնել «օպտիմալ հավասարակշռություն տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջև»:
Երևանը թռավ «արևելյան եվրագնացքից»՝ մտնելով Մաքսային, հետո նաև Եվրասիական տնտեսական միություն: Ադրբեջանը հանդիպակաց առաջարկ արեց ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի մասին: Հիմա, ինչպես հայտարարում է Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը, աշխատանքները շարունակվում են: Հիմնականում այս պահին Բաքուն ու Երևանը, տարբեր պատճառներով ու տարբեր նպատակներով, բայց միասին Ստեփանակերտին «մեծ խաղից» հանեցին, թեպետ դա չի նշանակում, որ ԵՄ-ն փոխեց միջազգային իրավունքի իր նորմերը տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման հարցերում: Բաքուն ջանում է համաձայնագրի մեջ կետ ունենալ ղարաբաղյան կոնֆլիկտի մասին: Մնացած հարցերում, ինչպես նշել է Մալենա Մարդը, Ադրբեջանի հետ համագործակցության իրավական բազա մշակելու հնարավորությունները բաց են: Հայաստանը, ինչպես հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵՄ և «Արևելյան գործընկերության» ԱԳ նախարարների Բրատիսլավայի հանդիպմանը, «հաջողությամբ անցել է Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների չորս փուլերը» և «մոտ ժամանակներս սպասում ենք բանակցությունների ավարտին»: Խոսքը վերաբերում է առևտրատնտեսական և այլ համագործակցության պրագմատիկ խնդիրներին՝ չնայած նույնիսկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անսպասելի որոշմանը՝ փոխել ինտեգրացիոն վեկտորը և անդամակցել ԵԱՏՄ-ին: Այդպես ձևավորվեց ունիկալ իրավիճակ: Մի կողմից՝ ինչպես ասում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի հիմնական ուղղությունների և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան, Եվրամիության հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները դիտարկվում են իբրև «ԵՄ-ի հետ ԵԱՏՄ-ի հարաբերությունների մաս»: Մյուս կողմից՝ Հայաստանը կարող է արգելակել Ադրբեջանի հնարավոր դրեյֆը ԵԱՏՄ-ի ուղղությամբ, այնտեղ, որտեղ Բաքուն, իբրև մնացած միակ հարթակում, կարող է փորձել և փորձում է խաղարկել ղարաբաղյան խաղաքարտը: Բոլոր դեպքերում բաքվեցի փորձագետները վաղուց են քննարկում ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը իրենց օգտին լուծելու դիմաց:
Ժամանակին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարում էր. «Ադրբեջանը ոչ ԵԱՏՄ-ի, ոչ ՀԱՊԿ-ի անդամ չէ, հույս ունեմ, որ այդ իրավիճակը կարող է փոխվել»: Այդպես Մոսկվան իրեն դարձնում էր Երևանի ու Բաքվի գլխավոր մարտադաշտ: Բաքվի «Эхо»-ն գրում էր. «Դա հնարավոր է, եթե Ռուսաստանը խոստանա հանուն ԵԱՏՄ անդամակցության՝ Ադրբեջանին վերադարձնել օկուպացված տարածքները, իսկ անդամակցել պետք է միայն հողերի վերադարձից հետո»:
Քաղաքական ինտրիգ էր ստեղծվում, որը ուրվագծում էր անդրկուլիսյան բանավեճերի որոշ ուղղություններ՝ կոնֆլիկտի կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Բաքուն պարտիան հաղթելու շանս ուներ, եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեր ի դեմս հայերի թշնամու կերպարի շահագործումից՝ հանուն բնակչության քաղաքական մոբիլիզացիայի և իր իշխանության ամրապնդման: Բայց նա ցուցադրում է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ռազմական ճանապարհի հակվածություն՝ կազմակերպելով ճնշում Հայաստանի նկատմամբ, կաշկանդելով նրա քաղաքական-դիվանագիտական մանևրի հնարավորությունները: «Ազատ» է մնում Ստեփանակերտը, որի թիկունքում տարբեր խաղեր են խաղում: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ազատությանը» հայտարարեց, որ «Մադրիդյան սկզբունքներն» իրենց նախկին տեսքով արդեն չեն համապատասխանում նոր իրողություններին և վերանայման կարիք ունեն»: Խոսքը «առաջին հերթին՝ անվտանգության երաշխիքների ուժեղացման համատեքստում, հանրաքվեի ժամկետների ճշգրտմամբ և դրա կապակցմամբ՝ տարածքների վերադարձի հետ»: Սա՝ առաջին: Երկրորդ՝ համաձայնագրի անբաժանելի մաս կարող են դառնալ. ռազմական բալանսի վերականգնումը, կողմերի և միջազգային հանրության կոշտ և վերահսկվող պարտավորությունները այդ բալանսի պահպանման մասով առնվազն 25 տարի ժամկետով: Քոչարյանը հիշեց, որ միայն մեկ անգամ՝ Քի Վեստում, Բաքուն ու Երևանը իրականում մոտ էին փաստաթուղթ ստորագրելուն: «Դա փաթեթային և համապարփակ կարգավորում էր, որը հիմքում ուներ ԼՂՀ միավորումը Հայաստանին և ենթադրում էր տարածքների վերադարձ, ինչպես նաև անվտանգության ապահովման ուղղությամբ համալիր միջոցների կիրառում,- ճշտում է Քոչարյանը:- Այնուհետ հայտնվեցին «մադրիդյան սկզբունքները», որոնք միայն մասամբ էին ընդունելի մեզ համար, քանի որ ճանաչում էին ԼՂՀ ինքնորոշման իրավունքը: Բայց դա ոչ թե ստորագրման համար նախատեսված փաստաթուղթ էր, այլ սկզբունքներ էին, որոնք, միջնորդների կարծիքով, պետք է հիմք հանդիսանային ապագա համաձայնագրի համար»: Այլ խոսքով՝ Հայաստանն այն ժամանակ պատրաստ էր «տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու համաձայնության դիմաց» բանաձևի կատարմանը:
Բայց Բաքուն նախընտրեց բանակցել Մադրիդյան սկզբունքների հիմքով: Հիմա, Քոչարյանի խոսքով, «ԼՂՀ անկախությունը և Հայաստանի հետ ընդհանուր սահմանի առկայությունը չեն կարող սակարկության առարկա լինել: Ընդ որում, ապրիլյան պատերազմը պետք է կարծրացնի մեր մոտեցումները կարգավորմանը, այլ ոչ թե թուլացնի դրանք, քանի որ մեծացնում է որևէ զիջումների գնալու ապագա ռիսկերը»: Սակայն Երևանը Ստեփանակերտի ներգրավումը բանակցային գործընթացում գլխավոր պայման չդարձրեց ապրիլյան պատերազմից հետո Բաքվի հետ քաղաքական երկխոսությունը սկսելու համար՝ նախընտրելով «նոր Մադրիդը»՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնություններից, որ նախատեսում էին վերահսկողության համակարգի ներմուծում և հակամարտող կողմերի շփման գծում միջազգային դիտորդների ինստիտուտի ստեղծում: Հիմա այդ դիրքորոշումն էլ է «ջնջվում», որ վկայում է Բաքվի հետ կամուրջները չայրելու և Ստեփանակերտը խաղի մեջ չմտցնելու ձգտումը:
Պատճառները մի քանիսն են: Առաջին՝ Երևանը զգուշանում է, որ Բաքուն հանրաքվեի անցկացման սցենարն ընդունելու դեպքում կարող է ընտրացուցակներում փախստական ադրբեջանցիներին ներմուծել և թղթի վրա փոխել ժողովրդագրական պատկերն ու այդպիսով իր օգտին լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը: Երկրորդ՝ վտանգ կա, որ միջազգային իրավունքի տեսակետից սուբյեկտություն ձեռք բերելով՝ Ստեփանակերտը կհրաժարվի միանալ Հայաստանին և ինքնուրույն կկառուցի իր արտաքին ու ներքին քաղաքականությունը, այսինքն՝ կդառնա հայկական երկրորդ պետություն: Տարբեր պատճառներով Բաքուն ու Երևանը դրան դեմ են: Իրադարձությունները հարևան Մերձավոր Արևելքում, հիմա նաև Թուրքիայում, ցույց են տալիս, որ միջազգային քաղաքականությունը թույլ է տալիս երկրի բաժանումի մի քանի մինի պետությունների և տարածքային ամբողջականության սկզբունքը վերանայվում է: Մոսկվան պետք է պատրաստ լինի Լեռնային Ղարաբաղի խնդրի ասիմետրիկ քաղաքական-դիվանագիտական լուծման: Ստեփանակերտի հետ աշխատանքային երկխոսության պահը եկել է: 25 տարին բավականաչափ ժամկետ է՝ վերագնահատելու համար իրավիճակը և նոր նախաձեռնություններով նվազեցնելու Անդրկովկասում նոր մեծ պատերազմի հավանականությունը:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Իսկ ի՞նչ է տալու Մոսկվային բանակցային սեղան Ստեփանակերտի վերադարձը: Երբ տևական և համառ թեման արծարծվում է, բնական է հարցը՝ Կրեմլը փորձում է ճնշումներ գործադրել Ստեփանակերտի վրա՞՝ շրջանցելով Երևանը, որտեղ չի ստանում լիակատար աջակցություն իր ծրագրերին: Նույն «Բաժանիր, որ տիրե՞ս»-ն է գործում: Առավել ևս, որ հեղինակի ուրվագծած զուգահեռը՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի քաղաքականության միջև խոսում է ոչ հօգուտ Մոսկվայի՝ եթե Բրյուսելը ասոցացման համաձայնագիրը Բաքվի հետ չի կնքում՝ չկատարելով Բաքվի հիմնական պահանջը՝ ճանաչել իր տարածքային ամբողջականությունը, Մոսկվան նույն այդ ընթացքում Բաքվի հետ բանակցում է ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ՝ հրաշալի իմանալով Բաքվի «գինը»: Եվ այսքանից հետո Մոսկվան ինչպե՞ս ու ինչո՞ւ պիտի կանխի «անդրկովկասյան նոր մեծ պատերազմը», որը, բացի իրենից, ոչ մեկին պետք չէ, անգամ արդեն Իլհամ Ալիևին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ